pageglare

o mnie sarsargsyan2

 

Ստեղծագործական կենսագրություն

Սար Սարգսյանը ծնվել է 1981 թ. Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը: 2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի վոկալ բաժինը` պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը: 2008 թ. ավարտել է Երևանի պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան /ղեկավար` Ս. Կոլոսարյան/:

Սարը մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում, Լիտվայում, Իսպանիայում և այլուր: Մենահամերգային ելույթներով մասնակցել է «Պոլոնիա Կանտանս» և «ԱրտՊարկ» արվեստի փառատոններին (Լեհաստան 2016, 2017): 2012 թ. լույս է տեսել նրա անդրանիկ «Կարոտ» ձայնասկավառակը:

Սարի երգացանկում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադային ժանրում:

Սար Սարգսյանը միջազգային վոկալ մրցույթների ժյուրիի անդամ է:

 

Մրցանակներ

  • «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է (Հայաստան 2012);
  • «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դիպլոմակիր (Հայաստան 2014);
  • «Վիկտորիա» 3-րդ վոկալ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Լեհաստան 2014);
  • «Աբանիկո» 4-րդ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Բուլղարիա 2015);
  • «Խորուս Ինսայդ սամմեր» 18-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գավաթակիր ու ոսկե մեդալակիր (Իտալիա 2015);
  • «Խորուս Ինսայդ Քրոաթիա» 19-րդ միջազգային մրցույթ-փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր ու ոսկե մեդալակիր (Խորվաթիա 2015);
  • «Կաունաս Թալենթ» երիտասարդ տաղանդների 15-րդ միջազգային վոկալ մրցույթի «Կլասիկա» անվանակարգի հաղթող (Լիտվա 2015);
  • «Գրան ֆիեստա» արվեստի միջազգային մրցույթի «Առաջին տեղ» և «Գրան Պրի» մրցանակակիր (Իսպանիա 2016);
  • «Մյուզիք Լիգ Թալենթ» վոկալ միջազգային մրցույթի «Առաջին» մրցանակակիր (Լիտվա 2016);
  • «Սոֆիա Գրան Պրի» վոկալ միջազգային մրցույթի «Առաջին» մրցանակակիր (Բուլղարիա 2017);
  • Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրերին ու հուշամեդալին՝ «Իմ Հայաստան» և «Կոմիտաս Վարդապետ» փառատոններին մասնակցելու համար (Հայաստան 2012, 2013, 2016):

 

Կարծիքներ

«Նա իր գործի իսկական գիտակ է, պրոֆեսիոնալ, իսկ որպես մարդ՝ պարզ ու անմիջական։»

Մարինե Մեսրոպյան

/Մշակույթի վաստակավոր գործիչ, դիրիժոր - Արցախ/

 

***

«Լիարժեք և հասուն ձայն, որը արտահայտում է տեմբրային երանգների ողջ ներկապնակը բոլոր ռեգիստրներում, ձայն, որը առանձնանում է դինամիկ և լեցուն հնչողությամբ։ Հեռանկարային և փայլուն կարիերայով երգիչ է։ Երգչախմբային և վոկալ միջազգային մրցույթների հարգարժան ժյուրիի անդամ է։»

Պասկուալե Վելենո

/Դիրիժոր – Իտալիա/

 

***

«Սար Սարգսյանը ունի հիյանալի քնարական բարիտոն։Նա վարպետորեն տիրապետում է իր ձայնին, ունի բարձր կատարողական ճաշակ, մշտապես գտնվում է ստեղծագործական պրպտումների մեջ․ ավելացնելով իր մասնագիտական փորձառությունը և նորացնելով երգացանկը։ Նրա ձայնը օժտված է զարմանալի գունեղությամբ, իր տեմբրով ու լեցունությամբ ներթափանցում է հոգու խորքը։»

Վիլլի Վայներ

/Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր - Հայաստան/

 

***

«Երաժշտականությամբ օժտված, գեղեցիկ թավշյա բարիտոն, վառ արտահայտված բեմական տաղանդով։ Նա դասական երգեցողությունը տեղափոխեց դեպի նոր ժամանակակից ուղղություն, որը շատ արդիական է ու հասանելի հասարակության բոլոր խավերի համար։»

Կարինե Կարապետյան

/Երգչուհի, պրոֆեսոր - Հայաստան/

 

***

«Սար Սարգսյանը փայլուն երաժիշտ է, երգիչ։Սարը կատարում է Միքայել Թարիվերդիևի տարբեր երաժշտությունը։ Այն նրան հարազատ է իր պարզությամբ, ջերմությամբ և մարդկայնությամբ։ Ես երախտապարտ եմ Սարին՝ երաժշտությանը և նրա լավագույնին նվիրվածության համար, ինչպես նաև, նրա բացարձակ ոչ հեշտ երգացանկի մեկնաբանության համար, երգացանկ՝ բոլորի կողմից ծանոթ, բայց ոչ հեշտ մեկնաբանության տրվող։»

Վերա Թարիվերդիևա

/Երաժշտագետ, կոմպոզիտոր Մ․ Թարիվերդիևի այրին - Ռուսաստան/

 

***

«Այսօրվա երաժշտական կենցաղի խայտաբղետ միջավայրում Սար Սարգսյանի երգեցողությամբ «Կարոտ» ձայներիզն առանձնանում է հայկական դասական ռոմանսի և երգի վարպետների բարձրարժեք երկերի հնչողությամբ։ Երգչի կատարումները երաժշտական են, զգացմունքային, առկա է նաև որոշակի ճաշակը։ Անշուշտ, ներկայանում է Սարի երաժշտական կրթությունը։»

Արաքսի Սարյան

/Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր - Հայաստան/

 

***

«Երբ ունկնդրեցի Սարի «Կարոտ» սկավառակը, նախ ինձ հաճելի զարմացրեց հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները, և որ ամենակարևորն է՝ արված է ճաշակով փոխադրումներ, գործիքավորում, բայց պահպանված է մայր մեղեդին ու հնչում է շատ թարմ ու հաճելի։»

Դավիթ Ղազարյան

/Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր - Հայաստան/